Ադամանդները խանգարում են երկարատեւ երջանիկ ամուսնությանը: Նման հայտարարությամբ հանդես են եկել Էմորիի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությանը մասնակցել է ավելի քան 3.000 ամերիկացի:

Ըստ FedPost-ի, գիտնականների եզրահանգնման համաձայն, որքան շատ միջոցներ են ծախսվում ամուսնական մատանիների կամ հարսանիքի համար, այնքան մեծ է հավանականությունը, որ ամուսնությունը կարճ կտեւի:

Այսպես, տղամարդիկ, ովքեր ամուսնական մատանիների համար 2.000-ից մինչեւ 4.000 դոլար են ծախսել, 1.3 անգամ ավելի հաճախ են ամուսնալուծվել, քան ավելի տնտեսող փեսացուները, ովքեր մատանիների համար 500-2.000 դոլար են հատկացրել:

Ամուսնական թանկարժեք մատանի ընդունած կանանց շրջանում նույնպես ամուսնալուծությունների մեծ տոկոս է գրանցվել: Բացի այդ, հարցմանը մասնակցած այն կանայք, որոնց հարսանիքի արժեքը կազմել է 20.000 դոլար եւ ավելի, 3.5 անգամ ավելի հաճախ են ամուսնալուծվել, քան նրանք, որոնց հարսանիքն արժեցել է 5.000-10.000 դոլար: Ամուսնական մատանիների համար 500 դոլարից պակաս ծախսածների մոտ նույնպես ամուսնալուծության մեծ տոկոս է նկատվել:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ թանկարժեք հարսանիքների եւ ամուսնական մատանիների ու ամուսնալուծությունների հարաբերակցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նորապսակների սթրեսով, որոնք ամուսնական կատարյալ արարողության համար ծախսել են ավելին, քան կարող էին իրենց թույլ տալ:

Գիտնականները կարճատեւ ամուսնությունների մեղքի մի մասը համարում են հարսանեկան արդյունաբերությունը, որը գովազդային արշավների եւ ամսագրերի միջոցով զույգերին փորձում են ստիպել սարսափելի մեծ գումարներ ծախսել հանդիսավոր արարողությունների համար: