Հաքերները համացանց են տեղադրել Snapchat հավելված օգտատերերի լուսանկարներն ու տեսանյութերը, հաղորդում է Business Insider-ը:
Պարբերականի խոսքով՝ հաքերները տվյալները հավաքել են մի քանի տարվա ընթացքում: Ենթադրվում է, որ նրանց օգնել են Snapchat-ի կողմնակի հավելված-հաճախորդները, ովքեր ավտոմատ կերպով չեն ջնջել լուսանկարներն ու տեսանյութերը, այլ պահպանել են ֆայլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Snapchat-ը բջջային սարքերի iOS եւ Android պլատֆորմների միջոցով թույլ է տալիս փոխանակվել հաղորդագրություններով, լուսանկարներով, պատկերներով, տեսահոլովակներով: Ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուղարկողը կարող է ժամանակ սահմանել՝ մեկից տասը վայրկյան, որի ընթացքում ստացողը կարող է դիտել հաղորդագրությունը, որից հետո այն ջնջվում է Snapchat-ի սերվերից: Ընկերության տվյալներով՝ օգտատերերը օրական 350 մլն հաղորդագրություններով են փոխանակվում:
Snapchat ղեկավարությունը նույնպես հաստատել է, որ բոլոր լուսանկարները ուղարկվել են կողմնակի հավելվածների միջոցով՝ դրանով իսկ ժխտելով, որ Snapchat-ի պաշտոնական ծրագիրը կոտրել են:




























