Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 10-ին, հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին հայանպաստ գործունեության համար եւ կարեւորել նրանց դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի հետ: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի դերը եւ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում եւ համոզմունք հայտնել, որ համագործակցությունը էլ ավելի կզարգանա եւ կխորանա:

Ֆրենկ Հիմսկերկը կարեւորել է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը եւ շեշտել, որ այսուհետ եւս ՀԲ-ն կաջակցի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, աղքատության նվազեցմանը, աշխատատեղերի ստեղծմանը:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ հետագա համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: