ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Սերբիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձեւաչափով հանդիպումը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-սերբական բարեկամությունը խորը արմատներ ու պատմություն ունի, եւ այդ պատմության մեջ բարեկամության բազմաթիվ դրսեւորումներ կան, որոնք լավ հիմք են այսօր միջպետական հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը եւ երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:
Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Սերբիայի Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, իր համար կարեւոր է եղել Հայաստանի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների զարգացումը, որը, Նախագահ Նիկոլիչի խոսքով, այսօր բավարար մակարդակի վրա չէ: Սերբիայի Նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու եւ համագործակցությունը խորացնելու համար:
Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ եւ ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության: Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը փոխադարձաբար նախագահ Սերժ Սարգսյանին պարգեւատրել է Սերբիայի Հանրապետության շքանշանով:





























