Հոկտեմբերի 11-ին Հայաստանում նշվում է Թարգմանչաց տոնը: Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական եւ սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ:

Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ» եւ  տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի եւ Մեսրոպ Մաշտոցի, եւ նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսես Կլայեցու», որը շարժական է եւ տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչեւ նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին (361/362-440) եւ Ս. Սահակ Պարթեւին աշակերտած շուրջ հարյուր սաներ: