Ընդդիմադիր ուժերն ավելի ռուսամետ են, քան գործող իշխանությունը: Այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Ընդդիմադիրների ելույթներից պարզ է դառնում, որ նրանք ավելի կողմ են ԵՏՄ-ին անդամակցելուն, քան ՀՀԿ-ականները: Ի դեպ, գործող իշխանության ներկայացուցիչներն ավելի զգույշ են իրենց ելույթներում, իսկ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը իրենց երեկվա հանրահավաքում բացահայտ հայտարարեցին, որ իրենց հանրահավաքը ոչ մի կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ, իրենք դեմ չեն ԵՏՄ-ին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ եռյակի` հոկտեմբերի 10-ին կազմակերպած հանրահավաքը սկսվեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հարթակից հայտարարեց, որ իրենց հանրահավաքն ուղղված չէ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրմանը: Այդ մասին խոսեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, որ ԵՏՄ-ի դեմ խոսողները 2-3 տասնյակ «ջուր պղտորողներ» են եւ «ջղաձգվողներ»: ՄԻայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց դեմ խոսել ԵՏՄ-ին, սակայն նրա խոսքը կիսատ մնաց: Հիշեցնենք, որ Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: