ՌԴ Դաշնության խորհուրդը հույս ունի, որ 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը կնպաստի անդամ երկրների ներքին շուկաների զարգացմանը:
Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ԵՏՄ ընդլայնման հույս է հայտնել, այդ թվում՝ կառույցին նոր երկրների անդամակցության: «Հիմա արդեն չորս երկիր կա. Հայաստանը միացավ»,- փաստել է սենատորը՝ հույս հայտնելով, որ ԵՏՄ համաձայնագիրն առաջիկայում կվավերացվի հայկական խորհրդարանի կողմից: «Շատ հաճելի է, որ Ղրղզստանը նույնպես մեկ տարվա ընթացքում անդամակցության մասին որոշում կկայացնի»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ջաբարովի խոսքով, ինտեգրման գործընթացից չի կարելի անտեսել նաեւ նախկին խորհրդային այլ հանրապետություններին: Նա հիշեցրել է, որ Տաջիկստանը ժամանակին Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) հիմնադիրներից է եղել:
«Բացի այդ, վատ չեն զարգանում նաեւ հարաբերություններն Ադրբեջանի հետ, եւ մենք այդ ուղղությամբ կառուցողական համագործակցության հույս ունենք»,- ասել է Ջաբարովը: Նա հիշեցրել է, որ Բաքուն դադարեցրել է «Արեւելյան գործընկերություն»-ում իր գործունեությունը եւ չի ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:
«Եթե ժամանակի ընթացքում Ադրբեջանը նման որոշում կայացնի (անդամակցի ԵՏՄ-ին)՝ չնայած Լեռնային Ղարաբաղում վաղեմի հակամարտությանը, ապա դա կլինի այդ հակամարտության լուծման հենց այն ուղին, երբ երկու երկրները միասին ընդգրկված կլինեն տնտեսական մեկ միությունում»,- ենթադրել է սենատորը:





























