Երեկ Օպերայի հրապարակում խամաճիկների թատրոնը կոչված էր մի կողմից շեղել մարդկանց ուշադրությունը այն պետական դավաճանությունից եւ հեղաշրջումից, որը կատարվում էր հենց այդ ժամերին, մյուս կողմից՝ աջակցություն ցուցաբերել հենց այդ դավադրությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:
Նա նշեց, որ չի հետեւել հանրահավաքի ընթացքին, հպանցիկ տեղեկացել է լրատվամիջոցներից: Անդրադառնալով ԵՏՄ -ի դեմ խոսողներին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ «ջղաձգվող եւ մտքեր պղտորող» որակվելուն, Տիգրան Խզմալյանն ասաց, որ չի կարծում, թե նա իրեն նկատի ուներ: «Ես որեւէ կարեւորություն չունեմ, դժվար թե նա իր աստղային բարձունքից նկատում է իմ պես ճնճղուկներին, բայց դա ինձ չի խանգարում պարզ տեսնել նրանց նպատակը: Կարծում եմ՝ երեկ մեծ հաշվով ԿԳԲ-ի կամ ԱԴԾ-ի մեծ օպերացիա էր տեղի ունեցել, որի մի մասը կատարվեց Մինսկում, որտեղ նրանց գործակալ Սերժ Սարգսյանն էր կատարել խաղի մի մասը, մյուս մասը այստեղ կատարեցին նրա գործընկերները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մնացածները: Սա դավադրություն է մեր ազգի դեմ, Սահմանադրության կոպտագույն ոտնահարում էր եւ պետական դավաճանություն: Կարելի էր դա համարել պետական հեղաշրջում, զավեշտն այն է, որ մեր երկրում չի գտնվում ուժ, այստեղ ես տեսնում եմ նաեւ իմ անձնական մեղքը, որ կարողանար դրա դեմն առնել»,-ասաց կինոռեժիսորը:
Նա ուշադրությունը հրավիրեց արտասահման լրատվամիջոցների հրապարակումներին՝ ասելով, որ այդ խայտառակությունը գնահատվել է հօգուտ մեզ՝ ներկայացնելով հավաք ԵՏՄ անդամակցության դեմ: «Իրականում մենք գիտենք, որ նման բան չկա, ամաչում ենք ասել՝ «գիտեք ժողովուրդ, դուք մեզ ավելի լավն եք գնահատում, քան մենք կանք»: Այլ երկրներում մարդիկ չեն կարող պատկերացնել, որ անգամ այդ օրը ժողովրդի մեջ չի գտնվում որեւէ ուժ, որը դեմն առնի դրա»,-ասաց «Նախախորհրդարանի» անդամը:





























