Եվրասիական տնտեսական միությունը կարժանանա նույն ճակատագրին, ինչ հետխորհրդային տարածքի նրա նախորդները: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
«Ըստ էության, Եվրասիական տնտեսական միությունը, որպես ինտեգրացիոն միավորում, անհաջողության մատնվեց դեռեւս մայիսի 29-ին»,- նշեց տնտեսագետը: Նրա խոսքով, այդ մասին է վկայում Մինսկում հոկտեմբերի 10-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
«Հայաստանը խորացրեց այն փաստացի մեկուսացումը, որում հայտնվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ որոշում ընդունեց միանալ Մաքսային միությանը: Չի կարելի տնտեսական զարգացում սպասել՝ չունենալով այլընտրանք»,- հայտարարեց նա:
«Հայաստանը ոչ միայն տնտեսական հետընթաց արձանագրեց, բայց եւ, որ ամենակարեւորն է, զրկվեց այլընտրանքից: Մենք կորցրեցինք այլ երկրների հետ համագործակցելու հնարավորությունը»,- հավելեց տնտեսագետը:





























