Եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն Եվրասիական տնտեսական միության կազմում, ապա ղարաբաղյան խնդիրն իսկապես հնարավոր կլինի ավելի դյուրին լուծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի կապ չունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ: «Այլ հարց է, որ ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լուրջ հակասությունների արդյունք է: Եվ եթե երկու կողմն էլ լինեն ԵՏՄ կազմում, այդ հարցն իսկապես ավելի դյուրին կլինի լուծելը»,- նշեց Միխայիլ Ալեքսանդրովը: Նա նաեւ պարզաբանեց, որ սկզբում այն կարելի է լուծել տնտեսական կապերի ճանապարհով:

«Ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ շարժը թույլ է տալիս ուշադրություն չդարձնել ազգային սահմանների վրա: Այսինքն՝ եթե Ադրբեջանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ապա Հայաստանը չի կարողանա խոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժին, եւ Ադրբեջանը չի կարողանա խոչընդոտել հայերի տեղաշարժին: Այդպիսով, բոլորը կկարողանան ապրել միմյանց մոտ, ինչպես Խորհրդային Միությունում»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Միխայիլ Ալեքսանդրովը նաեւ հավելեց, որ դա զգալիորեն կնվազեցնի սահմանների հարցը, քանի որ սահմանները կդադարեն այդպիսի կարեւոր նշանակություն ունենալ, ինչպիսին ունեն հիմա: «Եվ ինչ-որ չափով հնարավոր կլինի մեղմացնել ղարաբաղյան խնդրի լարվածությունը»,- ասաց ռուսաստանցի քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ԵՏՄ ընդլայնման հույս էր հայտնել, այդ թվում՝ կառույցին նոր երկրների անդամակցության: «Եթե ժամանակի ընթացքում Ադրբեջանը նման որոշում կայացնի (անդամակցի ԵՏՄ-ին)՝ չնայած Լեռնային Ղարաբաղում վաղեմի հակամարտությանը, ապա դա կլինի այդ հակամարտության լուծման հենց այն ուղին, երբ երկու երկրները միասին ընդգրկված կլինեն տնտեսական մեկ միությունում»,- ենթադրել է սենատորը: