ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց զինվորի մայրը՝ տիկին Անահիտը:

«Մենք հրաժարվել ենք դատին մասնակցելուց, գիտենք, որ Ղարաբաղում է լինելու դատավարությունը, բայց մեզ համար մութ բան չի մնում, ամեն ինչ պարզ է մեզ համար: Ոնց որ մեր տունը քանդվեց, այնպես էլ մեղադրյալի տունն է քանդվել: Շատ մոտ ընկերներ էին, իրար ծոց էին քնում»,- ասաց Դերենիկի մայրը:

Նշենք, որ գործով կալանավորված Վոլոդյա Բաբիկյանը Դերենիկի ամենամոտ ընկերն է,  մահացած զինվորի հարազատները համոզված են, որ պատահականություն է եղել: Վոլոդյային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը: