Էրեբունի փողոցում «Էրեբունի-Երևան 2796»-ի տոնական առաջին օրվա մեկնարկին երեխաների համար զվարճալի համարներ էր ցուցադրում «Գոշա» կրկեսը՝ ակրոբատներ, ծաղրածուներ, վարժեցրած շներով ներկայացում և այլն։

 Մայրաքաղաքի  տոնը «Սասունցի Դավիթ» տիկնիկային ներկայացումով շնորհավորելու էր եկել նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Տիկնիկ» թատրոնը։ Տասնյակ երեխաներ մեկ ժամ շարունակ մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ դիտում էին ներկայացումը։ Ի դեպ, ինչպես ներկայացրեց թատրոնի հիմնադիր տնօրեն Գրիշա Մարգարյանը, ներկայացման խաղավարներից մի քանիսը սահմանափակ կարողություններով անձինք են։

 Տիկնիկայինի բեմում ներկայացման ավարտից հետո դպրոցահասակ երեխաների պարային համերգ էր։ Մանկական տարբեր համույթներ Երևանի, Հայաստանի մասին երգերով բեմադրված պարեր էին ներկայացնում։

 Բեմերից մեկում երևանյան երգերի, հայկական սիրված ֆիլմերի մեղեդիներ էին, գործիքային կատարումներ։

 Տոնակատարության մեկնարկից սկսած հազարավոր մարդիկ՝ երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր մարզերից ու արտասահմանից եկել էին մասնակցելու բազմազան միջոցառումներին։