«Էրեբունի-Երեւան-2796» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտյան՝ Երեւանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղի ունեցած ջրցան մեքենաների ավանդական դարձած տոնական շքերթով:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե փողոցները մաքրվել ու լվացվել են հատուկ զարդարված ջրցան մեքենաներով: Օրվա տրամադրությանը համահունչ՝ մեքենաների տոնական երթը քաղաքի կենտրոնական փողոցներում յուրօրինակ շքերթի է վերածվել, որով էլ, ըստ էության տրվել է «Երեւան, իմ տուն» կարգախոսով «Էրեբունի-Երեւան-2796» հիմանական տոնակատարության մեկնարկը։
Փողոցների լվացման աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա։




























