Երեւանի 2796-ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության եւ վաստակի համար մի շարք անձանց պարգեւատրել է հուշամեդալներով եւ շնորհել կոչումներ:
Շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու ներդրման համար, որն ուղղված է ի բարօրություն Երեւանի եւ երեւանցու:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի 2796-ամյակի կապակցությամբ Երեւան քաղաքին մատուցած բացառիկ ծառայությունների եւ մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա ու արդյունավետ գործունեության համար Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգեւատրվել Ռալֆ Յիրիկյանը, Եվգենի Բիբինը, Լուսիկ Ագուլեցին, Հակոբ Աբրահամյանը, Արմեն Ալավերդյանը, Գառնիկ Մովսիսյանը, Գոռ Գրիգորյանը, Հասան Թամոյանը, Ռուզան Ասատրյանը, Ռոբերտ Կարայանը, Հարություն Թոփիկյանը, ինչպես նաեւ Ղուկաս Ուլիխանյանը, Արթուր Մկրտչյանը, Արմեն Գեւորգյանը, Գառնիկ Հովսեփյանը, Աշոտ Ղարիբյանն ու Մերուժան Ասատրյանը:
Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգեւատրվել են նաեւ Ռոման Գաբրիելյանը, Արկադի Հարությունյանը, Գեւորգ Շամիլյանը, Էրիկ Ամիրխանյանը եւ Հայկ Իսպիրյանը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության, արիության եւ նվիրումի համար:
Առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների ու բացառիկ ավանդի համար համալսարանական թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանին շնորհվել է Երեւան քաղաքի պատվավոր բժիշկ կոչումը:
Երեւան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի եւ մասնագիտական երկարամյա գործունեության համար դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանն էլ արժանացել է Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչմանը:
Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ մասնագիտական երկարամյա գործունեության համար Երեւան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ կոչումը շնորհվել է ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Ստեփանյանին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանին սոցիալական ապահովության ոլորտում տարվող աշխատանքներում ձեռք բերած ակնառու հաջողությունների եւ երկարամյա ու անբասիր պետական-հասարակական գործունեության համար շնորհվել է Երեւան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող կոչումը:
Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում ունեցած մեծ ավանդի եւ նշանակալի գործունեության համար Երեւան քաղաքի պատվավոր շինարար կոչումն էլ շնորհվել է Վլադիմիր Մարգարյանին:
Երեւան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Երեւան քաղաքում արդյունավետ գործունեություն ծավալելու համար «Երեւան» ոսկե հուշամեդալով են պարգեւատրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ ՀՕՖ հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերը:
Մեկ անգամ եւս շնորհավորելով բոլոր պարգեւատրվածներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել գործունեության մեջ եւ համոզմունք է հայտնել, որ Երեւանի զարգացումն անմիջականորեն շաղկապված է յուրաքանչյուրի սրտացավ ու նվիրված աշխատանքի հետ:
Վերջիններս շնորհակալություն են հայտնել քաղաքապետին մշտական ուշադրության եւ գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ստացած պարգեւը պարտավորեցնում է անելու ավելին սիրելի մեծ տան` քաղաքամայր Երեւանի համար:






































