Գերմանիայի 76-ամյա քաղաքացի Գյունտեր Հոլտորֆը 26 տարվա ընթացքում Mercedes-Benz Gelandewagen-ով շուրջերկրա ճամփորդություն է կատարել: Այս մասին գրում է NEWSru-ն:
Նախապես այս ճանապարհորդությունը ծրագրվել է որպես հարսանեկան: Ամուսինները մտադիր էին 18 ամսվա ընթացքում անցնել ամբողջ Աֆրիկայով: Սակայն ուղեւորությունը ձգձգվել է. այդ աշխարհամասի բոլոր երկրներում ամուսինները կարողացել են լինել միայն հինգ տարվա ընթացքում: Մի քանի պետություններում նրանք դարձել են առաջին օտարերկրացիները, որոնց թույլ են տվել սեփական մեքենայով երկիր մտնել:
Տարեց գերմանացու ավտոմեքենան 26 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 900 հազար կիլոմետր է անցել՝ այցելելով աշխարհի 215 երկիր: Այսուհետ Gelandewagen-ը պատվավոր տեղ է զբաղեցնելու Շտուտգարդում գտնվող Daimler Mercedes-Benz ճանաչված թանգարանում:
Երկարամյա ճամփորդության ընթացքում Gelandewagen-ը միայն մեկ լուրջ խնդիր է ունեցել: Մյուս բոլոր խնդիրները Հոլտորֆը կարողացել է ինքնուրույն շտկել, հենց ճանապարհին:



























