«Էրեբունի-Երեւան 2796» միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում կայացել է Նանսենի թանգարանի եւ Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի բացմանը հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նորվեգացի բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ եւ ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի եւ եկեղեցու կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանները։ Հուշահամալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, երիցատուն-տաճարը` հարակից հանգստյան տաղավարով, թանգարանի շենքը: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռեւս 2012 թվականին` թանգարանի հիմանարկեքով:
Հանրապետության նախագահը քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է հուշահամալիրի տարածքով, ծանոթացել կատարված աշխատանքներին: Թանգարանում բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են ցուցադրությանը, որում ներկայացված են Նանսենի վերաբերյալ գրքեր, հավաքածուներ, գրողին նվիրված Լեւոն Թոքմաջյանի քանդակները, ինչպես նաեւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված Գրքի հուշարձանը` Մեսրոպ Մաշտոցի եւ Հակոբ Մեղապարտի արձաններով:
Եկեղեցում հյուրերը մասնակցել են Սուրբ Սեղանի օծմանը:
Նախագծի հեղինակ ու բարերար Սառա Եսայանը, ներկայացնելով հուշահամալիրի կառուցման ընթացքը, նշել է, որ այն հնարավոր է դարձել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական աջակցության եւ հետեւողական աշխատանքի, ինչպես նաեւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի, շինարարներ Յուրի Ավագյանի, Ժյուլվեր Նարիմանյանի, Արագած Ախոյանի, Սամվել Հակոբյանի, մի խումբ լրագրողների եւ բոլոր համակիրների, աջակիցների ու Երեւանի քաղաքացիների համախմբված ջանքերի շնորհիվ:
Հուշահամալիրը ներառում է նաեւ հայ ժողովրդի պատմության հերոսական եւ ողբերգական էջերին, անվանի հայորդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված շուրջ 30 հուշարձան, այդ թվում՝ 1915թ. Մեծ եղեռնին եւ 1893-1923թթ. ընթացքում հայկական ջարդերի զոհերին, Արցախյան ազատամարտին ու Արցախի պետականությանը նվիրված հուշարձանախմբերը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սրբերի դասն անցած Վարդան Մամիկոնյանի եւ այլոց արձաններ, Ջորջ Բայրոնի հուշաքանդակը, Լրագրողի արձանը: Տարածքում է տեղադրված նաեւ բարերար Կառլեն Եսայանի հուշարձանը եւ նրա հիշատակին նվիրված «Թեւավոր Խաչքարը»։
































