Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային:
Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ կարեւորել հետագա փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության եւ հանքարդյունահանման ոլորտներում: «Մեր երկիրը վերջին տարիներին գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ եւ կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում` ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ»,-նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տեսչական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության քաղաքականության օրակարգի առանցքային ուղղություններից են, եւ կառավարությունը հավատարիմ է մնալու իր որդեգրած հանձնառություններին: Նա կարեւոր է համարել, որ ՄՖԿ-ն ավելացրել է իր մասնակցությունը Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերության ներկա ռազմավարության շրջանակում:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը, կարեւորելով փոխգործակցությունը Հայաստանի հետ, գոհունակությամբ արձանագրել է իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը եւ նշել, որ շարունակելու են աջակցել եւ ծրագրեր իրականացնել հանքարդյունաբերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում, մեծացնել ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցությանն առնչվող այլ հարցերի եւս:
Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաեւ Ամերիկայի ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:




























