Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, եւ դրանում դեր ունեք նաեւ դուք` ամերիկահայերդ: Այս մասին, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատվել են այս հեռավոր, բայց հյուրընկալ եւ հնարավորություններով անսպառ ափերում: Տասնամյակներ շարունակ ապրելով եւ արարելով Միացյալ Նահանգներում՝ դուք դարձել եք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում: Մենք հպարտանում ենք այն տպավորիչ նվաճումներով, որոնց շնորհիվ ամերիկահայությունն իր արժանի տեղն է զբաղեցրել այս երկրի կյանքում՝ արժանանալով իշխանությունների եւ ժողովրդի հարգանքին եւ գնահատանքին»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ անկախության վերահաստատումից հետո Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ փոխադարձ վստահության եւ հարգանքի հիման վրա ձեւավորվել են միջպետական ամուր կապեր, զարգացում է ապրել քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցության օրակարգը, ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում, ձեւավորվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կայուն մեխանիզմներ:

«Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, եւ դրանում դեր ունեք նաեւ դուք` ամերիկահայերդ: Այսօր այդ հարաբերությունների մեջ առաջնային եմ համարում հատկապես տնտեսական կապերի խորացումը, ինչը հետեւողական աշխատանք է պահանջում: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Դժվար է գերագնահատել այն հայրենանվեր գործունեությունը, որն այս երկրում կատարում են հայկական կազմակերպություններն ու միությունները, ինչպես նաեւ առանձին անհատները՝ ամերիկյան պետական տարբեր կառույցներում մշտապես ներկայացնելով եւ առաջ մղելով հայանպաստ ծրագրեր, պաշտպանելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենսական շահերը»,- ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը Հայաստանի կառավարության կարեւորագույն ռազմավարական ուղղություններից է: «Այսօր մենք սփյուռքահային գործընկերություն ենք առաջարկում, պատրաստ ենք հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում ենք կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Հայաստանի կառավարությունը տալիս է դրա երաշխիքը: Հայաստանը անբաժանելի է Սփյուռքից, եւ սփյուռքահայության խնդիրները մեր օրակարգային հարցերն են: Հայաստանի կառավարությունն այսօր իր կարողությունների սահմաններում անում է ամեն հնարավորը Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում եւ Իրաքում ծանրագույն վիճակում հայտնված մեր հայրենակիցների հոգսերը թեթեւացնելու համար»,- ասել է վարչապետը: