ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը «ՍայԱրք» միջազգային մշակութային ժառանգության թվայնացման պահպանման ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ օրերս անցկացրել է միջոցառում, որը նվիրված էր «CyArk’s 500 Challenge» նախաձեռնության մեկնարկին:

Նախաձեռնությունը հետապնդելու է երկու հիմնական նպատակ: Նախ՝ «ՍայԱրկ»-ի մասնագետները «Թումո» կենտրոնի ուսանողներին սովորեցնելու են ճարտարապետական կոթողների թվայնացման լազերային նոր տեխնոլոգիաներ: Այնուհետեւ՝ այդ երկու կառույցները համատեղ իրականացնելու են հայկական պատմական 500 հուշարձանի թվային փաստաթղթավորումը: Արդյունքում ստեղծվելու են այդ կոթողների 3D մոդելներները, որոնք պահվելու են համացանցում՝ ինտերակտիվ կերպով առցանց գործող համապատասխան կայքում:

«CyArk’s 500 Challenge»-ը միջազգային նախաձեռնություն է, սակայն այն առաջինն իրականացվելու է Հայաստանում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ով համոզմունք հայտնեց, որ երիտասարդության կրթության գործում նոր տեխնոլոգիաների ներդնումը մեր երկրի ապագայի հրամայականներից է:

Նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը հավաքված հյուրերի առջեւ ելույթով հանդես եկան «Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաեւ «Թումո»-ի եւ «ՍայԱրք»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Քեթրին Սարաֆյանը: