«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կանանց առեւանգում եւ սեռական ստրկության են ենթարկում՝ իրենց արդարացնելով շարիաթի օրենքներով, հայտնում է CNN-ը: 

Այսպես, «Dabiq» առցանց ամսագրի իրենց նոր հրապարակման մեջ նրանք գրում են, որ «անհավատների ընտանիքների ստրկացումը եւ նրանց կանանց որպես հարճեր օգտագործելը` սահմանված է շարիաթով»: Այնուհետեւ հոդվածում  ուղղակիորեն հաղորդվոմ է, որ եզդի կանայք կարող են գերեվարվել եւ բռնի կերպով  սեռական ստրկուհիների վերածվել:

Հրապարակումը ներկայացվել է Human Rights Watch-ի զեկույցում:

«Մենք լսել ենք  ցնցող պատմություններ հարկադիր ամուսնությունների, սեռական ստրկության եւ բռնության մասին: Զոհերից ոմանք երեխաներ են եղել», — ասել է Human Rights Watch-ի հատուկ խորհրդական Ֆրեդ Աբրահամսը:

Մասնավորապես, զեկույցում հիշատակվում է Ադլի անունով 17-ամյա աղջկա պատմությունը: Նա կազմակերպության ներկայացուցիչներին պատմել է, թե ինչպես է  մորուքավոր տղամարդը փակել իրեն Էլ Ֆալուջայի տանը եւ իր հետ դաժան վարվել:

Նշենք, որ այն ժամանակից ի վեր, երբ ԻՊ-ն աշխուժացել է Իրաքում եւ Սիրիայում, հարյուրավոր եզդի կանայք ստրկության են տարվել, ենթարկվել սեռական բռնության  կամ էլ վաճառվել այլ երկրների: