Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը նշել է իր հիմնադրման 140-ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր նախագահությամբ: Հանդիսությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր դասի ներկայացուցիչները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, փոխնախարարներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ:
Հանդիսության բոլոր ներկաներին իր հայրապետական օրհնությունը հղել է Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը: Նախարար Արմեն Աշոտյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Գեւորգյան հոգեւոր ճեմարանը դարձավ 140 տարեկան, եւ այս նշանակալի իրադարձությունը տոն է ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, բոլոր ժամանակների ճեմարանականների, այնպես էլ ողջ հայության համար, քանի որ Գեւորգյան հոգեւոր ճեմարանն է անդրանիկը` հայրենիքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, հիմնադրվելով մեր պետականության բացակայության պայմաններում, դարձավ լուսե փարոս, հույսի մի շող հայ ժողովրդի գոյության խավար ճանապարհներին: Այստեղից ծնվեցին ժամանակի գրեթե բոլոր առաջամարտիկներն ամենատարբեր ասպարեզներում: Լուսավորչի հիմնած Աթոռից սկսեցին ծնվել նոր լուսավորիչներ, ովքեր հիրավի իրենց տեղը զբաղեցրին մեր մեծերի համաստեղության մեջ: Անգնահատելի է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ավանդը հայրենի գրականության, գիտության, հասարակական-քաղաքական մտքի, մանկավարժության զարգացման բնագավառում: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ Ճեմարանն այսօր եւս շարունակում է մնալ իր բարձունքի վրա: Այս տոնական առիթով առաջին հերթին մեր ջերմագին շնորհավորանքներն ենք փոխանցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին՝ մոտիկից իմանալով Նորին Սրբության ամենօրյա հայրական հոգածությունը հանդեպ ճեմարանի: Մեր շնորհավորանքներն ենք հղում նաեւ պրոֆեսորամանկավարժական կազմին եւ բոլոր սաներին այս գեղեցիկ եւ պատմականորեն հարուստ հոբելյանի առթիվ: Բոլոր համալսարանականներին մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` ի նպաստ մեր երկրի բարեկեցության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հզորացման»:




























