Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»` հոկտեմբերի 10-ին նախաձեռնած հանրահավաքի օրակարգը կազմված էր սոցիալական, տնտեսական եւ իրավական խնդիրներից: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը հանրահավաքին ելույթ չունեցավ` այս կերպ կոտրելով ԲՀԿ-ին հավատացող` քիչ տոկոս կազմող մարդկանց սպասելիքները:
«Ես չեմ կիսում Ձեր հարցադրման մեջ հնչած «փոքրիկ տոկոսով» միտքը, որովհետեւ շատ մեծ են եռյակի, մանավանդ ԲՀԿ-ի հետ մարդկանց հետ հույսեր կապող մարդկանց թիվը: Այն ամենը, ինչից խոսեց ԲՀԿ-ն եւ մյուս ուժերը, պարզապես սոցիալական, տնտեսական եւ իրավական խնդիրներից կախված օրակարգ է եղել: Օրակարգում չկային ներքաղաքական, արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: Մեր պահանջները քաղաքական չէին, բայց դարձան քաղաքական, որովհետեւ իշխանությունը մերժեց ականջալուր լինել եւ մեր առաջ քաշած հարցերին լուծում տալ: Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի ելույթին, ապա նա ամեն ինչ ասաց, այսինքն` այլեւս իրավիճակը հանդուրժելի չէ, իշխանությունները վարում են քաղաքական կուրս, որի հետ ԲՀԿ-ն համաձայն չէ, սկսում է փոփոխությունների անդառնալի փուլ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` մեկ անգամ եւս շեշտելով, որ Ծառուկյանի ելույթը բոլոր հարցերի պատասխանները տվել է:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Գագիկ Ծառուկյանը Ազատության հրապարակի հարթակից ասաց միայն, որ ինքն այդ օրը չի խոսելու, լսելու է իր գործընկերներին, որից հետո արդեն հաջորդ հանրահավաքին ինքը ելույթ կունենա:




























