«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չի հետաքրրքում Հայաստանի նախագահի պաշտոնը, սակայն եթե ժողովուրդը դրա անհրաժեշտությունը տեսնի, ապա Ծառուկյանը կառաջադրվի: Այսօր` հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու 2012թ.-ին Գագիկ Ծառուկյանը դուրս չեկավ Սերժ Սարգսյանի դեմ, եւ միայն այսօր է իշխանափոխության մասին խոսում:

«Նախագահական ընտրություններն անհատի ընտրություններ են, անհատն ինքն է որոշում` առաջադրվում է, կամ չի առաջադրվում: 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ  Գագիկ Ծառուկյանը չի ասել, որ ինքն առաջադրվելու է: Հիմա դրան տրվել է շատ շիտակ պատասխան: Ի՞նչն է տարբերությունը. շատ պարզ ու շատ տարրական՝ ԲՀԿ առաջնորդն էլ է բազմիցս ասել, եւ մեր թիմակիցներն էլ են ասել, որ վաղուց ժամանակն է, որ նախագահի պաշտոնը դիտարկեն` որպես աշխատանք: ԲՀԿ առաջնորդը բազմիցս ասել է, որ իրեն որեւէ կերպ չի հետաքրքրել նախագահի պաշտոնում լինելը: Այլ բան է, երբ ժողովուրդը ցանկանա,  դրա անհրաժեշտությունը տեսնի, ապա Գագիկ Ծառուկյանը կգնա այդ քայլին եւ կառաջադրվի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

NEWS.am-ի հարցին, թե ինչպես է ԲՀԿ-ն հասկանալու, որ ժողովուրդը ցանկանում է Ծառուկյանին տեսնել նախագահի պաշտոնում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ դա հռետորական հարց է եւ այդ մասին պետք է ժողովրդին հարցնել:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ի եռյակի համատեղ համապետական հանրահավաքից մեկ օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. ««Իմ մտքում կա 4-5 թեկնածու նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը, իմ գործընկերները  նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ: Իսկ եթե իմ թեկնածությունը դնեն, ես դրան էլ եմ պատրաստ: Պետությունը մի քանի ամսում կդրվի ճիշտ հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: Այդ ժամանակ չեն լինի միանձնյա որոշումներ: Բոլոր կուսակցություններում կան անհատներ, որոնք շատ խելացի են, ազգի հարստությունն են, պիտի քննարկեն լսեն ու ճիշտ որոշում կայացնեն: Պիտի մարդիկ բարի լինեն լսելու, քննարկելու, որ ժողովուրդն իր վրա դա զգա»: