«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է դպրոց: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի /հովանավոր Ջերրի Թրփանջյան/ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ երկհարկանի դպրոցը` 830 քմ ընդհանուր տարածքով, նախատեսված է 200 աշակերտի համար: Նորակառույցը կունենա ընդարձակ դասասենյակներ, գրադարան, բուժկետ, ուսուցչանոց: Հիմնական շենքին կից կկառուցվի մարզադահլիճ: Նախատեսվում է նաեւ բացօթյա սպորտհրապարակ ֆիզկուլտուրայի դասերի համար: Ներկայումս ընթանում են հողային աշխատանքները:

Դպրոցի կառուցումը Հիմնադրամի երրորդ խոշոր ծրագիրն է Սոս գյուղում: Ֆրանսահայ համայնքի ջանքերի շնորհիվ էլ համայնքն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում եւ հարմարավետ նորակառույց մանկապարտեզ, որը շուտով կսկսի գործել: Գյուղի ներկայիս խարխուլ դպրոցի հենց կողքին էլ տեղ կգտնի նորակառույց ժամանակակից դպրոցը: