Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ ստեղծվել է ՀՀ փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչություն:

Ներկայացուցչությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում փաստաբանների խնդիրների համակարգման եւ ՀՀ փաստաբանների պալատի մարզային քաղաքականության իրականացման համար: Որպես ներկայացուցչության նստավայր է սահմանվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքը:

Հյուսիսային ներկայացուցչությունը որպես ՀՀ փաստաբանների պալատի առանձնացված ստորաբաժանում կոչված է համախմբել Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի վարչական տարածքներում գործունեություն ծավալող ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել վերջիններիս մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները եւ դրանք ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատին, ինչպես նաեւ ապահովել ՀՀ փաստաբանների պալատի առջեւ դրված նպատակների եւ խնդիրների եւ փաստաբանների պալատի մարզային քաղաքականության իրականացումը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 26.09.2014թ. թիվ 331-Ա որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչության ղեկավար է նշանակվել փաստաբան Ռուբեն Մարատի Հակոբյանը (արտոնագիր թիվ 833), ով գործելու է ներկայացուցչության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում տրված լիազորագրի հիման վրա: