Հայաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Վրաստանի իրավապահ մարմիններին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանին հանձնելու խնդրով: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ դատախազությունը հիմնավորող փաստաթղթեր է ներկայացրել, որպեսզի Հայաստանին հանձնեն կալանավորին: Նրա գործով Վրաստանում նոյեմբերի 20-ին կկայանա դատական նիստ, իսկ մինչ այդ հայ փաստաբանը կալանավորի վրացի փաստաբանին կներկայացնի բոլոր փաստաթղթերը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը՝ կալանք: Արտաքին նշաններն են. հասակը՝ 165 -170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Փաստաբանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել, որ նրա փախուստի մեջ մեղավոր են նրանք, ովքեր մերժել են իր միջնորդությունները եւ կալանավորին ազատ չեն արձակել՝ հիմք ընդունելով նրա մոտ առկա պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները: Մասնավորապես, պաշտոնյանների կողմից անտեսվել են օրենքի պահանջները եւ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում կալանավորին դրդել են փախուստի, մինչդեռ եթե օրենքի պահանջները կատարեին, նա չէր դիմի փախուստը:



























