«Ժառանգության» եռյակը լքելու խնդիր չկա դրված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ «Ժառանգությունում» քննարկումներ հաճախակի են լինում, այս փուլում՝ առավել հաճախ: Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ քննարկումները բաց են, եւ «Ժառանգությունում» որեւէ մեկը իր տեսակետը արտահայտելու հետ կապված խոչընդոտ չունի: «Նմանատիպ բան չկա, թե մենք դուրս ենք գալիս եռյակից»,-ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Նշենք, որ «Իրավունք» թերթը գրել էր, թե ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի, երեկ տեղի են ունեցել բուռն քննարկումներ, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել համագործակցությունը «եռյակի» հետ այն բանից հետո, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փաստացի նվաստացրել են հանրահավաքի ժամանակ:

««Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ ձգտելով իրենց առաջնորդին համոզել, որ հարկ է անհապաղ լքել «եռյակը», դա անում էին բավական կրքոտ, ձեռքներին թափահարելով ԶԼՄ-ների այն հրապարակումները, ուր ցցված էր այդ նվաստացման պահը: Սակայն մեր աղբյուրի վկայությամբ Րաֆֆին հետաձգել է վճիռ կայացնելը, նշելով, որ ամսի 13-ը այդպիսի կարեւոր գործերի համար այնքան էլ հարմար չէ»,- գրել է թերթը: