Վատիկանի Եպիսկոպոսների սինոդը կոչ է արել հարգել նույնասեռականներին եւ ոչ ավանդական զույգերին, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով արեւմտյան մամուլը:

Ոչ ավանդական միությունները, ըստ սրբազանների, ունեն «դրական կողմեր»: «Նույնասեռականներն ունենում են տաղանդ եւ արժանիքներ, որոնք կարող են ծառայեցնել քրիստոնեական համայնքին. պատրա՞ստ ենք մենք ընդունել այդ մարդկանց եւ մեր համայնքում տեղ երաշխավորել: Հաճախ նրանք եկեղեցի են գալիս՝ այնտեղ հյուրընկալ տուն գտնելու ակնկալիքով», - Սինոդի նիստում ընդունված փաստաթղթից մեջբերում է կատարում հրատարակչությունը:

Եկեղեցին, ըստ եպիսկոպոսների, պետք է մարտահրավեր նետի ինքն իրեն եւ նույնասեռականներին «եղբայրական տարածք» առաջարկի՝ առանց ընտանիքի եւ ամուսնության հարցերում կաթոլիկական դոկտրինը խախտելու:

Եպիսկոպոսների սինոդի արտակարգ նիստը աշխատանքը սկսել էր հոկտեմբերի 5-ին: Պատմության մեջ առաջին անգամ այն լատիներենով չի անցկացվել, բացի այդ՝ գործել է կաթոլիկների համար նոր՝ երկփուլ ձեւաչափ: