Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»` հոկտեմբերի 10-ին կազմակերպած համատեղ համապետական հանրահավաքը բազմամարդ չի եղել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Ազատության հրապարակում եղել է 5-6 հազար մարդ, իսկ իրենք խոսում են 50 հազարի մասին: Այս մարդիկ պարզապես շփոթմունքի մեջ են եւ հուսախաբ են: Հոկտեմբերի 10-ին, երբ ստորագրվեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, Ազատության հրապարակում տպավորություն էր, որ ուժերի ներկայացուցիչները չգիտեին` ինչ ասել, որոնք են իրենց նպատակները: Դրանից էլ ժողովուրդն էլ հուսախաբ եղավ»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը միայնակ ավելի շատ մարդ կարող է հավաքել, քան եռյակի երեք ուժերը միասին:

«Իսկ եռյակն էլ միասնական դիրքորոշում չունի, դա հստակ երեւաց առաջնորդների ելույթներում»,- նշեց Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ եռյակի համատեղ համապետական հանրահավաքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին: