Փարիզում հոկտեմբերի 14-16-ը կկայանա Ատոմային էներգետիկայի համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցելու համար Ֆրանսիա է մեկնել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախատեսվում է, որ Ատոմային էներգետիկայի համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցեն միջուկային էներգետիկայի ոլորտի շուրջ 500 ընկերություններ ու փորձագետներ:
Ցուցահանդեսում կներկայացվեն ատոմային էներգետիկայի բնագավառին առնչվող համաշխարհային նորարարություններ, որոնք վերաբերում են ոլորտի նորագույն սարքավորումներին եւ տեխնոլոգիաներին, նոր ատոմային էլեկտրակայանների կառուցմանը, ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործմանը, դրանց հսկողությանը, սերտիֆիկացմանը, աշխատած վառելիքի փոխադրմանը, պահեստավորմանը, կադրերի վերապատրաստմանն ու այլ հարցերի:
Միջոցառման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպում կունենա Ռուսաստանի պատվիրակության հետ: «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ կքննարկվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում համագործակցության հնարավորությունները: Կշարունակվեն նաեւ բանակցությունները նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի շուրջ:




























