Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է  Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի եւ ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ: 

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը եւ  նշել, որ  20 տարվա փոխգործակցության  ընթացքում  ՀԲ-ն կարեւոր  դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչեւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում եւ իրականացում: «Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝  մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը եւ տնտեսության զարգացմանն  ուղղված ջանքերը»,-նշել է վարչապետը:   Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի  եւ ընդգծել, որ  մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետեւողականորեն զարգացնելով տնտեսությունը եւ նվազեցնելով  աղքատությունը:

ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն, կարեւորելով փոխգործակցության շարունակականությունը,   նշել է. «Հայաստանը  Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, եւ մենք  ուրախ ենք շարունակելու համագործակցությունը  երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»:

ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականը, շեշտել է.  «Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին եւ օգնելու է առաջ մղել բարեփոխումները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս: