Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը՝ «Բուռնաշը», NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին քաղաքակության մեջ տեղի ունեցած կարեւոր իրադարձության՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը:

Պարոն Աղաբաբյան, օգոստոսին հայտնել էիք, որ պատրաստվում եք Էկվադորից դեղ ներմուծել Հայաստան, այնուհետեւ արտահանել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ: Հոկտեմբերի 10-ին ստորագրեցինք  ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Դեղամիջոցն արդեն ներմուծո՞ւմ եք Հայաստան եւ ե՞րբ եք պատրաստվում արտահանել Ռուսաստան, Ղազախստան եւ Բելառուս:

Թումանյան փողոցի վրա բացվել է առեւտրի սրահ, որտեղից կարող եք ձեռք բերել դեղամիջոցը, կարող եք գնալ, նայել: Այնուհետեւ անպայման արտահանելու ենք ԵՏՄ-ի մյուս երկրներ:

Ըստ Ձեզ՝ ԵՏՄ-ին միանալն ինչքանո՞վ կօգնի հայ գործարարներին, այդ միությունն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:

Շատ մեծ հնարավորություններ կունենանք մենք բոլորս, այս միությունը շատ լավ է ազդելու մեզ բոլորիս վրա: Արտահանման խնդիրը, որ մենք ուզում ենք շատ ապրանք արտահանել,  շատ արագ լուծվելու է: Մենք ունենք ապրանքներ, որոնք Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը չունեն: Բնականաբար, Հայաստանը կօգտվի այդ առիթից եւ իր ապրանքը կարտահանի:

Պարոն Աղաբաբյան, ո՞ր ապրանքատեսակների մասին է խոսքը: Ի՞նչ ունենք մենք, որ ԵՏՄ մյուս անդամ երկրները չունեն:

Գրեթե բոլոր ապրանքների մասին եմ խոսում: Հայաստանը համարվում է սոցիալ-էկոլոգիապես ամենաձեռնտու երկրներից մեկը, որտեղ քիմիական գործարաններ չեն աշխատում: Գյուղատնտեսությունը կզարգանա: Բացի դրանից՝ մենք արտադրում ենք խողովակներ, մետաղյա որոշ իրեր, մենք ջուր ունենք, մրգեր ունենք: Էն, ինչ որ ունենք, դրանց ճանապարհները բացվում են, կանաչ լույս է վառվում:

ԵՏՄ-ին միանալուց հետո ապրանքների մի մասը Հայաստան է ներմուծվելու նոր մաքսատուրքերով: Կարծիք կա, որ շատ ապրանքատեսակներ թանկանալու են:

Այս դեպքում մենք պիտի սկսենք արտադրել: Որ ապրանքը թանկացավ, մենք կարտադրենք:

Մի՞թե նման հնարավորություն Հայաստանն ունի, պարոն Աղաբաբյան:

Իհարկե, նախկինում մենք ունեցել ենք կոշիկի, տրիկոտաժի արտադրամասեր: Այսօր այս պայմաններում մենք թեթեւ արդյունաբերության լուրջ պոտենցիալ ու փորձ ունենք, որ պետք է ներդրվի եւ արտահանվի:

Պարոն Աղաբաբյան, խորհրդարանական ոչ իշխանական ուժերը պահանջում են իշխանափոխություն: Եթե իրենց պահանջը կատարվի, դա ինչպե՞ս կազդի մեր տնտեսության, հայ գործարարների՝ ԵՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների վրա:

Իշխանափոխություն լինում է այն ժամանակ, երբ ընտրություններ են լինում: Իսկ մնացած իշխանափոխությունները հեղափոխություններ են, որոնք ընդունված չեն մեր նման երկրների համար: Ուրիշ բան էր, որ Սովետական միությունը փլուզվում էր, մենք անկախացանք, այդ ժամանակ գիտեինք, որ պիտի անկախանանք:

Եվրասիական տնտեսական միությունն ու Մաքսային միությունը շատ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ համեմատում են հենց Սովետական միության հետ:

Ներողություն, դա ուրիշ կարգավիճակ էր, կոմունիստական երկիր էր, կոմունիստական գաղափարներ էին: Եվրոպական միությունը Սովետակա՞ն միություն է: Իհարկե ոչ, ԵՄ-ի նման էլ Եվրասիական տնտեսական միությունն է: Ուրիշ հարց է, եթե Եվրասիական տնտեսական միությունը որեւէ վատ ազդեցություն ունենա Ղարաբաղի վրա: Մենք նույն պահին կթողնենք ու դուրս կգանք: