Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել, ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում դրա մասին որեւէ կետ չկա: Այդ մասին Re-Էվոլյուցիա հաղորդման ընթացքում ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Հայաստանի եւ Արցախի միջեւ սահամանակետ դնելու շահարկոիմների մասին հարցին:
Հարցին, թե պայմանագրի հրապարակված այդ նախագծում ամենամտահոգիչ հարցը վերաբերվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անդամակցության գործընթացի ավարտին մաքսակետ հնարավոր տեղադրմանը եւ արդյո՞ք այս հարցը քննարկվել է Մինսկում, թե առկախված է մնում, Քոչարյան պատասխանել է. «Նախ արձանագրեմ, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել, եւ երկրորդը՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում դրա մասին որեւէ կետ չկա: Այնտեղ պարզապես նշվում է շատ տրամաբանական մի ձեւակերպում, որ պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է: Ընտրովի մոտեցում Հայաստանի Հանրապետությունը իր նկատմամբ բնականաբար չէր կարող ընդունել, եւ որպեսզի ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցը փակենք, ասեմ, որ մենք հաստատել ենք այն մոտեցումը, որ Հայաստանն ի սկզբանե ունեցել է անկախացման օրերից, այսինքն՝ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մի մասը, մենք մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ՝ չճանաչելով դե յուրե, եւ մեր հարաբերությունները հորիզոնական են»:
Ըստ փոխնախարարի, այնպիսի տպավորություն է, որ Բաքուն դարձել է իր քարոզչության գերին՝ փորձելով համոզել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, եւ դա այն դեպքում, որ այդ գաղափարը միշտ մեր դիրքորոշումն է եղել եւ մնում է: «Մենք հարգում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ցանկացած պահի Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ միայն չի ճանաչում՝ պայմանավորված Մինսկի խմբի բանակցությունների ձեւաչափով եւ այլ հարցերով»,- ասել է Քոչարյանն ու հավելել. «Եվ դա ամենեւին չի նշանակում, որ մենք մեր հարաբերությունները չենք կառուցում հորիզոնական, այնպես որ, մենք միայն վերահաստատել ենք այն, ինչ տարիների ընթացքում եղել է մեր պաշտոնական դիրքորոշումը»:



























