Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Փարիզում նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ առաջիկայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը ֆրանսիական կողմը փորձելու է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտարարեց աշխատանքային այցով Գյումրի այցելած՝ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Էրիկ Ֆուրնիեն։

«Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը հոկտեմբեր ամսվա կարեւորագույն, հրատապ թեմաներից է: Երկու երկրների նախագահների հանդիպումը, որն անցնելու է Ֆրանսիայի նախագահի մանսակցությամբ, կարեւոր է այնքանով, որ փորձելու ենք ստեղծել պայմաններ, որոնք ուղղված կլինեն վստահության մթնոլորտի ապահովմանը, ինչն էլ հնարավորություն կտա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել»,- ասաց Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։