Եռյակի նպատակը իշխանափոխությունն է, նրանք ժամանակ են տվել իշխանություններին, որպեսզի քննարկեն նրանց հեռանալու գործընթացը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ով է եռյակի կողմից նախագահի հավանական թեկնածուն. «ում ժողովուրդը կընտրի»:
«ԱՊՀ տարածքում ինչքան էլ ուզենաս ինքնուրույն իշխանություն ձեւավորել, դա հնարավոր չէ այլեւս, ինչպես ցույց տվեցին Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի իրադարձությունները, ԱՊՀ տարածքում ժողովրդի ընտրությունը երկրորդական նշանակություն ունի, կարեւոր է, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնի ձեռքում է գտնվում կառավարման ղեկը, Հայաստանի դեպքում կլինի նա, ում որ կցանկանա տեսնել Ռուսաստանը»,-ասաց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով «Ժառանգության» գոյությանը եռյակի մեջ՝ Արմեն Բադալյանը նշեց, որ եռյակը քաղաքական ձեւավորված դաշինք չէ, ԱԺ ոչ իշխանական ուժերի աշխատանքային խորհրդակցության ֆորմատ է, մինչդեռ դաշինքը տարբեր ուժերի փաստաթղթավորված գործունեությունն է, գրավոր հայտարարության հիման վրա: Այդ աշխատանքային ֆորմատում նա «Ժառանգության» մասնակցությունը հնարավոր է համարում, ինչքան էլ յուրաքանչյուրը ունենա տարբեր տեսակետներ:
Խոսելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵՏՄ-ի դեմ խոսողներին ջղաձգվող անվանելուն, Արմեն Բադալյանն ասաց, որ դա գուցե որոշ մարդկանց համար կոռեկտ չէ, սակայն իրականությանը ամբողջովին համապատասխանում է իր ներկայացրածը: «Որովհետեւ Հայաստանում կան հրապարակախոսներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, որոնք ընդգծված արեւմտամետ են կամ հակառուս, բայց Հայաստանի հասարակության մեջ արեւմտամետ զանգված այլեւս չկա, այդ իսկ պատճառով երբ առաջին նախագահը նշեց ջղաձգումների մասին, միգուցե դա նկատի ուներ: Ստացվում է, որ առանց արեւմտամետ զանգվածի առկայության այդ մարդկանց գործունեությունը արդեն իրոք դառնում է ջղաձգում: Եթե ցանկանում ես Հայաստանում արեւմտամտությունը զարգացնես, ոչ թե այդ մասին պետք է գրես ու գրես, այլ պետք է գործունեություն ծավալես, հիմնական նպատակը պետք է լինի հասարակության մեջ արեւմտամետ զանգվածի պատրաստումը”: Եթե չես պատրաստում, ուղղակի գրում ես, դա կոչվում է ջղաձգում: Հայաստանում ինչքան փորձեցին արեւմտամետ կուսաացություններ ստեղծել, բոլորը պարտվեցին, ոչ մեկը կյանք չունեցավ, լինի «Ազատ դեմոկրատներ», ՀՀՇ, «Եվրոպական ուղի» հ/կ, պատճառն այն է, որ հասարակության մեջ արեւմտամետների բազան չկան, մարդիկ ներվայնությունից չգիտեն ինչ անեն, ուղղակի գրում են»,- նշեց քաղտեխնոլոգը:




























