Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը` վերջ դնելով մամուլի հրապարակումներին, թե ինքն արդեն պատրաստվում է 2018թ. նախագահական ընտրություններին:

«Ես չեմ առաջադրվելու, ես դրան պատրաստ չեմ: Ինձ նախագահի պաշտոնում չեմ տեսնում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միասնական թեկնածուի առաջադրմանը, պատգամավորն ընդգծեց, որ այդ հարցը եռյակի օրակարգում չկա: Հարցին, թե հոկտեմբերի 24-ին Զարուհի Փոստանջյանը նորի՞ց չի լինելու Ազատության հրապարակում, վերջինս պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե եռյակի միացյալ օրակարգն ինչպիսին կլինի: Եթե ընդունեն իմ պահանջները, ապա չգիտեմ` հնարավոր է, ապրենք, կտեսնենք, եկեք չշտապենք»:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը հրապարակել է եռյակի միացյալ հարթակի իր օրակարգը: