Վիրավորողի նկատմամբ հասարակությունն իր վերաբերմունքն է դրսեւորում` նրանց ընդունելով` որպես անբարո մարդ: Այսօր` հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում, հարցին, թե վիրավորական չէ՞ր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասել է, որ մեկ-երկու տասնյակ մարդ է մնացել, որ ջղաձգվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, այն դեպքում երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց հարթակից դեմ արտահայտվեց այդ միությանն անդամակցելուն, այսպես արձագանքեց Զարուհի Փոստանջյանը:

«Այլեւս հասարակությունը պետք է թույլ տա կամ չտա: Հասարակությունը պետք է ձեւավորի առաջնայինը, պահանջը եւ ոչ թե անձինք թույլ տան, թե չտան: Հասարակությունը մեկ անգամ կատարել է իր ընտրությունը եւ նորից է ընտրելու, եւ դա լինելու է ժողովրդական: Քաղաքական գործիչները չեն վիրավորվում, իրենց էմոցիաները զսպում են, իսկ վիրավորողի նկատմամբ հասարակությունն է վերաբերմունք դրսեւորում՝ վիրավորողին ընդունում են որպես անբարո մարդ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթը նախապես մյուս առաջնորդների հետ չէր քննարկել, թեեւ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել` հանդիպելու եւ օրակարգը քննարկելու:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին եռյակի համատեղ համապետական հանրահավաքին ՀԱԿ առաջնորդը մասնավորապես ասել էր. «Հայաստանի անդամակցումը Եւրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է (1.03.2014)։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»: