Հայաստանի քաղաքական կյանքը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությամբ եւ ընդդիմության արշավով, որն իրեն անվանում է խորհրդարանական ուժերի եռյակ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ այդ երկու հանգամանքները փոխակապկցված են:
Նրա համոզմամբ՝ որքան էլ եռակի կողմից սոցիալ-տնտեսական խնդիրների, կենսաթոշակային բարեփոխումների լուծման շուրջ հարցադրումներ հնչեն, այդ խնդիրները եվրասիական համատեքստից դուրս անհնար է լուծել: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ առումներով կախված կլինի, թե Հայաստանի վերաբերյալ ինչպիսի որոշումներ կընդունվեն ԵՏՄ-ում», - նշեց Նավասարդյանը:
Նավասարդյանն ընդգծեց, որ Հայաստանի համար որոշ մարտահրավերներ են ծագել, ինչպես, օրինակ քաղաքական ուժերն ինչպիսի՞ վերաբերմունք կունենան ռուբլու գոտի մտնելու փաստի շուրջ: «Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրի վավերացումը տեղի ունեցավ վերջին պահին եւ շնորհիվ այն բանի, որ Ռուսաստանի մեկ տարով Բելառուսին 1 մլրդ 800 մլն ռուբլի զիջեց: Սա նշանակում է, որ պատժամիջոցների այսօրվա համատեքստում Ռուսաստանը ինչ-որ տեղից փորձում է փոխհատուցում ստանալ: Այդ վայրն, մասնակիորեն արդյոք Հայաստանը չի՞ լինի, եւ ինչպե՞ս պաշտպանվել այնպիսի որոշումներից, որոնք երկրի բյուջեն ու քաղաքացիներին կզրկեն այդ գումարներից», - հարցադրում կատարեց Բորիս Նավասարդյանը:
Բացի այդ, պարզ է, որ երկար տարիներ Հայաստանն իր օրենսդրական դաշտը, կառավարման համակարգը կատարելապես այլ մոդելի շրջանակներում է կառուցել: «Եվ այժմ այն պետք է հիմնովին փոխել», - եզրափակեց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:




























