ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսական եւ անվտանգության շահերով։ Այս մասին, հոկտեմբերի 14-ին, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության նոր նախագահող Հեիդի Հաուտալայի հետ հանդիպման ժամանակ նշել է Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Մասնավորապես, մեջբերելով որոշ ցուցանիշներ, Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի արտաքին առեւտրի 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի շուկային, ինչպես նաեւ այն, որ ռուսական գազը Հայաստանին հասանելի է մոտ 30% նվազ արժեքով։ Արտակ Զաքարյանը նաեւ հավելել է եվրոպական կազմակերպությունների կողմից արված հաշվարկների մասին, համաձայն որոնց, ԵՏՄ-ի կազմում ՀՀ ՀՆԱ-ն կգրանցի շուրջ 1% աճ, իսկ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման դեպքում ռուսական գազի թանկացման հետեւանքով ՀՀ ՀՆԱ-ն կնվազեր 3-4%-ով։

Այս համատեքստում՝ տիկին Հաուտալան հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը, որին ի պատասխան Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ այն պետք է վավերացվի մինչեւ 2015թ. հունվարի 1-ը։ Արտակ Զաքարյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը` որպես եվրոպական արժեքներ կրող երկիր պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։

Անդրադառնալով անվտանգության բաղկացուցչին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Թուրքիայի հետ փակ սահմանը, Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի Խմբի՝ բանակցային միակ ձեւաչափի խափանմանն ուղղված քայլերն ու հայատյաց կոչերը նպատակ են հետապնդում սանձազերծել նոր պատերազմ, ինչը անընդունելի է Հայաստանի համար, կործանարար տարածաշրջանի կտրվածքով եւ ոչ ձեռնտու նախ եւ առաջ Եվրոպայի համար՝ Ադրբեջանից էներգակիներ ձեռք բերելու առումով, ինչը պատերազմի պայմաններում կդառնա անհնար։

Արտակ Զաքարյանն անդրադարձել է նաեւ Իրանի հետ Հայաստանի զարգացող հարաբերություններին, հայ-վրացական համագործակցությանը, ինչպես նաեւ ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված եւ մինչ օրս թուրքական կառավարության կողմից չվավերացված արձանագրությունների հարցին։