Ժնեւի կոնվենցիայի եւ Միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումների պայմաններում միջազգային օրենսդրությունը վերանայման եւ պատժի լրացուցիչ մեխանիզմների կարիք ունի: Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Խոսելով ԿԽՄԿ-ի՝ Երեւանի եւ Բաքվի պատվիրակությունների գործունեության, ինչպես նաեւ Ստեփանակերտում վերջինիս առաքելության մասին, Զառա Ամատունին նշեց, որ աշխատանքն իրականացվում է սերտ համագործակցության պայմաններում: Ծրագրի ղեկավարը համառոտ հիշեցրեց ԿԽՄԿ-ի մանդատի մասին, որի շրջանակներում կազմակերպությունը միմյանց հետ անմիջական երկխոսություն չծավալող կողմերի միջեւ հանդես է գալիս՝ որպես չեզոք միջնորդ: «Ուստի բոլոր հարցերը փորձում ենք լուծել Ժնեւի կոնվենցիայի եւ Միջազգային հումանիտար իրավունքի հիման վրա, գաղտնի երկխոսության ճանապարհով», - նշեց Զառա Ամատունին: Սա ենթադրում է երկխոսության ծավալում՝ երկրներին պարբերաբար հիշեցնելով պարտավորությունների մասին, գերիների եւ պատանդներին այցելություններ, գերու կամ պատանդի պայմանների, վիճակի, նրանց կամքի իրացման գնահատում, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջոցով ընտանիքի հետ կապերի պահպանում:

Հարցին, որ Բաքվում սահմանափակվում է ԿԽՄԿ-ի գործունեությունը, Զառա Ամատունին նշեց, որ չի կարող մեկնաբանել այս պնդումը, եւ ավելի ճիշտ կլինի հարցն ուղղել Բաքվի պատվիրակությանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ադրբեջանական գերության մեջ զոհված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձվել է հայրենիք միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո, ծրագրի ղեկավարը նկատեց, որ դժվար է մարմնի հանձնումը կապել դատարան դիեմլու հետ: Ընդ որում, նա նշեց, որ շատ հարցեր ու քննարկումներ գաղտնի են. «Փաստ է, որ Կարեն Պետրոսյանի մարմնի հանձնումը իրականացվել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ», - ընդգծեց Զառա Ամատունին:

Նրա խոսքով՝ ինչպես տվյալ, այնպես էլ այլ դեպքերում, ԿԽՄԿ-ն հետեւողական մոտեցում է ցուցաբերում. հետեւում է Միջազգային հումանիտար իրավունքի դրույթների իրացմանը եւ շարունակում երկխոսությունը համապատասխան իշխանությունների հետ: Միեւնույն ժամանակ, ԿԽՄԿ-ն անհրաժեշտության դեպքում ներկայացնում է մահվան հանգամանքների սեփական պարզաբանումները, սակայն հնարավոր դատական գործընթացում մասնակցելու հարցում կազմակերպությունը անձեռնմխելի է:

Զառա Ամատունին նաեւ հիշեցրեց, որ ԿԽՄԿ-ի պատվիրակները ամեն տարի այցելում են տարբեր հակամարտող գոտիներում գտնվող մոտ կես միլիոն մարդկանց, սակայն կազմակերպությունը երբեք իր հաղորդագրություններում չի մեկնաբանում գերու վիճակը: Եթե քաղաքացին համաձայն է, ապա իշխանություններին տրամադրվում է  համապատասխան տեղեկությունը: