ԱՊՀ-ի սահմանապահները 10 տարվա ընթացքում ավելի քան 14 հազար ապօրինի միգրանտ են ձերբակալել եւ 16 տոննա թմրանյութ առգրավել: Այդ մասին հայտնում է  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ԱՊՀ երկրներ սահմանապահ զորքերի հրամանատարաների խորհրդի համակարգող ծառայության տեղեկատվական-վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Դավիդովին:

«2014թ.-ից ի վեր 21 համատեղ գործողություններ եւ 22 օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում ավելի քան 50 հազար սահմանախախտներ, ավելի քան 14 հազար ապօրինի միգրանտներ, հետախուզության մեջ գտնվող ավելի քան 1200 անձ է ձերբակալվել, մոտ 16 տոննա թմրամիջոց, 1,5 հազար միավոր զենք է առգրավվել», - հայտարարել է Դավիդովը:

Հիշեցնենք, որ ներկայումս ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների սպառազինության եւ տեխնիկայի մասին տվյալների միասնական բանկ է ստեղծվում: Բացի այդ, երրորդ երկրներից ԱՊՀ երկրների տարածք մուտք գործող քաղաքացիների տվյալների հաշվառման միասնական բանկ կստեղծվի: