ԱՀԿ-ի երկրները դեռեւս անհանգստացած չեն ԵՏՄ-ին անդամակցության շրջանակում Հայաստանում ներկրման մաքսատուրքերի փոփոխություններից, հոկտեմբերի 15-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նրա՝ դեռեւս ԱՀԿ ոչ մի երկիր չի հայտարարել, թե Հայաստանը շոշափել է իր արտահանման շահերը:
«Նման բանակցությունները ցանկացած երկիր կարող է սկսել մյուս երկրում տուրքերի ցանկացած փոփոխությունից հետո: Իսկ երեք տարին մեկ անգամ ԱՀԿ-ն իր անդամներին ծանուցում է բոլոր երկրներում մաքսատուրքերի փոփոխությունների մասին», - հիշեցրել է Ճշմարիտյանը: Նա նշել է, որ Հայաստանը դեռեւս ԱՀԿ գործընկերներին պաշտոնապես չի տեղեկացրել նոր մաքսատուրքերի մասին. դա պետք է անել ԵՏՄ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2015թ. հունվարի 1-ից: Այնուամենայնիվ, նախարարը նշել է, որ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերները ժամանակից շուտ տեղեկացվել են նոր մաքսատուրքերի մասին: «Եթե նրանք իրենք շահերին սպառնացող վտանգ տեսնեին, ապա կդիմեին մեզ բանակցությունների համար՝ ԱՀԿ շրջանակներում իրենց մաքսատուրքերի փոխհատուցումները բարձրացնելու վերաբերյալ: Ոչ մի երկիր դեռեւս չի դիմել, հետեւաբար, ոչ ոք խնդիր չի տեսնում», - ընդգծել է Ճշմարիտյանը:
Հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրվել էր հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում:
Ընդհանուր առմամբ, ԵՏՄ-ում մաքսատուրքերը ավելի բարձր են, քան Հայաստանում, բայց երրորդ երկրներից Երեւան ներկրվող մի շարք կարեւոր ապրանքների համար մի քանի տարով թույլ են տվել պահպանել նախկին մաքսատուրքերը: ԵՏՄ մաքսատուրքերին Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի մինչեւ 2022թ.: ԵՏՄ մաքսատուրքերից ժամանակավորապես ազատվել են, օրինակ, միսը (տավարի միս, խոզի միս, թռչնամիս), կաթի փոշին, եգիպտացորենը եւ բրինձը, բուսական եւ կենդանական յուղը, բենզինը եւ այլ նավթամթերքներ, դեղորայքը, ավտոմոբիլային տեխնիկան (թեթեւ մարդատար մեքենաներ, միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ, բեռնատարներ):




























