Վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած երկու կարմիր պանդաների պատմությունը հուզել է Չինաստանի Յունան նահանգի հազարավոր բնակիչների: Այս մասին գրում է «The Independent»-ը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարերային աղետից հետո Ազգային պարկի աշխատակիցները չեն գտել Յուան-Յուան անունով կարմիր էգ պանդային: Հետեւելով կորած կենդանու՝ Սյաո Խուան անունով քրոջը, այգու աշխատակիցները նրան գտել են տապալված ծառի տակ: Երբ մեռած պանդային հանել են ծառի տակից, Սյաո Խուանը բռնել է քրոջն ու թույլ չի տվել, որ նրան տանեն:

Հիշեցնենք, որ 6.6 մագնիտուդով երկրաշարժը չինական Յունան նահանգում տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին:

Ամենից շատ տուժել է Ցզինցու շրջանը. այնտեղ մեկ մարդ մահացել է, մի քանի տասնյակը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ի դեպ, նույն նահանգում օգոստոսին տեղի ունեցած ավելի փոքր ուժգնությամբ երկրաշարժը 600 մարդու կյանք էր խլել: