Շփման գծում վիրավորված զինծառայողը դեռ գտնվում է հոսպիտալում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ նրա վիճակը օր օրի լավանում է, սակայն դեռ վաղ է խոսել ապաքինման մասին:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով: Այս հոդվածով սահմանվում է սպանության փորձը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Նշենք, որ զինծառայողը Էջմիածնից է, զորակոչվել է 2013թ գարնանը, պետք է զորացրվի 2015թ գարնանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադեւոսյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է:




























