Այսօր աշխարհում ավելի շատ ստրուկ կա, քան մարդկության ամբողջ պատմության ընթացքում, հաղորդում է «The Mirror»-ը՝ վկայակոչելով միջազգային «Free the Slaves» կազմակերպության տվյալները: կազմակերպության փորձագետների համաձայն՝ ստրուկի կարգավիճակում հայտնված մարդկանց թիվը տատանվում է 21-30 մլն-ի միջեւ: Վերլուծաբանները կարծում են, որ սա կապված է մի շարք գործոնների հետ, որոնց թվում  են բնակչության շահագործման շարունակվող աճը, շատ երկրներում օրենքի գերակայության բացակայությունը եւ համաշխարհային տնտեսության փոփոխությունը, որոնք հանգեցնում են անհավասարության աճի՝ հատկապես զարգացող երկրներում:

Այսօր ստրկությունն այլ տեսք ունի, քան նախկինում էր: Սակայն երեւույթը հենվում է նույն սկզբունքների վրա՝ մարդկանց պահում են նրանց կամքին հակառակ ու չվարձատրվող աշխատանք են պարտադրում: Երբեմն վճարում են սնունդով, որպեսզի պահպանեն նրանց ֆիզիկական գոյությունը:

Հանցավորության դեմ պայքարի բրիտանական ազգային գործակալության սեպտեմբերյան վիճակագրության համաձայն՝ ավելի քան 2700 մարդ Մեծ Բրիտանիայում վաճառվել է ստրկության:

Շատերը կանայք են, որոնք ստիպված են զբաղվել մարմնավաճռությամբ: Հաճախ նրանք հատուկ դաջվածք են ունենում՝ փախչելու դեպքում հեշտ գտնվելու համար:

Անցյալ տարի Լոնդոնում բրիտանական ընտանիքում ոստիկանությունը գտավ 69-ամյա մալազիացու, 57-ամյա իռլանդուհու եւ 30-ամյա բրիտանացում: Նրանք նվազագույնը 30 տարի ապրել էին ստրուկի կարգավիճակում:

Այսօր, կազմակերպության փորձագետների համաձայն, «կենդանի ապրանքը» մոտ 35 դոլար արժե: 1850թ.-ին ստրկուկները շատ ավելի թանկ էին: Դա կապված էր նրանց տեղափոխման բարդության հետ: Այսօր նման խնդիր չկա, մարդկանց վաճառքը տարեց տարի բարգավաճում է: Մահացածներին փոխարինում են նորերը, այսինքն տերերը չեն մտահոգվում նրանց առողջությամբ: