Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կիրականացնի «Բնական միջավայրը եւ ես» կրթական ծրագիրը:

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն տալ աշակերտներին ավելի լայն պատկերացում կազմել տեղային, տարածաշրջանային համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ զարգացնել աշակերտների՝ բնապահպանական խնդիրներին լուծման անհատական եւ խմբային ունակությունները:

Ծրագրի պատշաճ կազմակերպման եւ անցկացման նպատակով հրավիրվել է հանդիպում-քննարկում՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանի, ՀԱՀ Հակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի, ինչպես նաեւ ծրագրի մասնակից դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Կարեւորելով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մայրաքաղաքի դպրոցներում՝ Արմեն Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կլինի շարունակական նաեւ այլ ծրագրերի շուրջ:

ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանն իր հերթին ընդգծելով համալսարանի պատրաստակամությունը՝  հույս է հայտնել, որ ծրագրի հաջող մեկնարկից հետո ծրագրում կներգրավվեն ավելի շատ դպրոցներ:

Շուրջ 2 ամիս,  շաբաթական 1 անգամ դպրոցի հիմանական դասաժամերից հետո կազմակերպվող կրթական ծրագրին յուրաքանչյուր դպրոցից կմասնակցի 15-20 աշակերտ՝ կամավորության սկզբունքով: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ծրագրի առաջին փուլում ընտրվել են  թիվ 31, 56, 137, 155 եւ 173 հիմնական դպրոցները, ինչպես նաեւ 87 միջնակարգ դպրոցը՝ հաշվի առնելով աշակերտների փոքր, միջին եւ մեծ թվաքանակը։ 

«Բնական միջավայրը եւ ես» ծրագրով նախատեսվում է նաեւ դաշտային արշավների կազմակերպում, բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության,  աղբի կառավարման եւ վերամշակման, կենսաբազմազանության եւ այլ  թեմաների շուրջ քննարկումներ եւ այլ միջոցառումներ: Աշակերտները  միաժամանակ կապ կհաստատեն ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների էկոակումբների եւ բնապահպանական նախաձեռնությունների անդամների  հետ: