«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ում գործը առանձնացվել էր հիմնական գործից եւ քննությունը 6 ամսով երկարաձգվել էր, «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

«Դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել, որի պատասխան մինչեւ շաբաթվա վերջ կլինի, որից հետո հայտնի կլինի՝ դատը շարունակվում է, թե ոչ, ժամկետը երկարաձգվում է, թե ոչ: Ամեն դեպքում նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ շարունակում է բուժումը»,- ասաց փաստաբանը:

Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, նա նիհարել է, ունի հոգեբանական լուրջ խնդիրներ:

Նշենք, որ մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: