Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն առանց պատճառի կալանքի տակ է դրել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակչուհի Նելլի Ղուկասյանի բանկային հաշիվները: NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ Նելլի ամուսինը՝ Հովսեփ Ավագյանը, պատմեց, որ արդեն մի քանի օր իրենք փորձում են հասկանալ առեղծվածը:
«Կնոջս հաշիվները սառեցրել են, բանկից ասում են՝ կալանքի տակ է, բայց կինս պարտք չունի, ոչ մի խնդիր պետության հետ չունի: Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, արդեն քանի օր է՝ տանում, բերում են»,- ասաց Հովսեփ Ավագյանը:
Հովսեփ Ավագյանը կասկածում է, որ կնոջ բանկային հաշիվները սառեցրել են իր պատճառով: Հովսեփը տուգանք ունի, որը չի վճարել, այժմ դատական պրոցես է ընթանում:
«Բայց դա իմ տուգանքն է չէ՞, կինս ի՞նչ կապ ունի դրա հետ: Մենակ իմ տուգանքը կարող էր պատճառ լինել հաշիվների սառեցման համար, որովհետեւ բանկի հետ էլ խնդիր չունենք, կինս փայլուն վարկային պատմություն ունի»,- նշեց Հովսեփ Ավագյանը:
ԴԱՀԿ մամուլի ծառայության պատասխանատու Ռիմա Եգանյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ Հովսեփ Ավագյանի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով օրենքով սահմանված կարգով արգելանք է կիրառվել պարտապան Հովսեփ Ավագյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Պարտապանի կնոջ` Նելլի Ղուկասյանի սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաեւ ամուսինների ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա արգելանք է կիրառվել՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, համաձայն որի` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջեւ կնքված պայմանագրով: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաեւ ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:
Պարտապան Հովսեփ Ավագյանի կնոջ բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվել՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ի կետը, համաձայն որի` քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են` գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները:




























