Հայաստանի կառավարության առաջնահերթությունը քաղաքացիների համար արդիական խնդիրներն են: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ կառավարությունը չի ցանկանում անուշադրության մատնել ինչպես շատերին անհանգստացնող ընդհանուր բնույթի հարցերը, այնպես էլ տարիներով լուծում չստացած առանձին քաղաքացիների դժվարությունները:
«Կառավարության առաջ հավաքվում են բնակիչներ, որոնք ունեն տարիներով չլուծված հարցեր: Մենք պետք է աստիճանաբար դրանք լուծելով առաջ շարժվենք: Իհարկե, մենք պետք է նաեւ սոցիալական հարցեր լուծենք, որոնցից կախված են աղքատությունն ու արտագաղթը: Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք եւ աղքատության եւ արտագաղթի կրճատման համար: Մեզ համար առաջնահերթություն է մեր քաղաքացիների սոցիալական հարցերը», - հավելեց նա:




























