Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Իմ ֆինանսների միամսյակ» միջոցառումների շրջանակներում 50-ից ավելի ուսանողներ եւ աշակերտներ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, այցելեցին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերություն եւ ծանոթացան Հայաստանում ապահովագրական շուկայի նրբություններին:

Ուսանողներին եւ աշակերտների համար ընկերության աշխատակիցները հատուկ ներկայացում էին պատրաստել ապահովագրական ոլորտով հետաքրքրվող երիտասարդների համար:

Հավաքվածներին առավել հետաքրքրում էր ապահովագրության տեսակները, ապահովագրական շուկան Հայաստանում եւ ինչով է այս ընկերությունն առանձնանում մյուսներից:

Ապահովագրության մասին գիտելիքներ ստանալուց հետո ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի աշխատակից Լիլիթ Շմավոնյանն անցկացրեց մրցույթ: Հարցերին ճիշտ պատասխանած ուսանողները հնարավորություն ստացան մեկ շաբաթվա անվճար պրակտիկա անցնել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ում:

Հանդիպումից հետո ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ուսանողներին ավելի մանրամասն ծանոթանալ թե ապահովագրական ընկերությունների գործունեությանը, թե ապահովագրությանն առհասարակ. «Արդյունքում բարձրանում է մեր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակը: Այդ ուսանողներն են, որոնք հետագայում կարող են համալրել մեր ընկերության անձնակազմը եւ դառնալ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ «ընտանիքի» լիիրավ անդամ»: